ԲՀԿ-ում միայն բարեգործության դեպքում է, որ աջ ձեռքն «օպերատորապես», «տելիկապես», մի հարյուր անգամ «շնորհակալապես» գիտի, թե ինչ է անում ձախը: Մնացած դեպքերում իշխանություն լինելով` «ընդդիմադիրոտ» է ստացվում: Դրանում մեկ անգամ ևս համոզվեցինք` «բլիցվելով» ԲՀԿ մամլո խոսնակ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:
-Պարոն Գալստյան, Հրազդան քաղաքի ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն արդեն որոշում կայացրե՞լ է, թե ում է պաշտպանելու:
-Հրազդանում «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանելու է ազատ-արդար ընտրությունները:
-Բայց այնտեղ, կարծես, «ազատ-արդար» անուն-ազգանունով թեկնածու չկա:
-ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, այդ ընտրություններում շահագրգռված է բացառապես օրինական, ազատ ընտրություններ պաշտպանելու, իրականացնելու կտրվածքով: Քանի որ մենք անձամբ կուսակցական թեկնածու չունենք, հետևաբար ոչ մեկին էլ չենք պաշտպանելու:
-Շատ էլ «լյա՛վ» եք անելու: Չեք պաշտպանելու նաև ձեր կոալիցիո՞ն գործընկերոջը:
-Առաջադրված թեկնածուներից որևէ մեկին «Բարգավաճը» չի պաշտպանելու: Այո՛:
-Դա արդյո՞ք չի նշանակում ուղիղ աջակցություն ընդդիմադիր թեկնածուին: Իմա` համաձայնություն Տեր-Պետրոսյանի «վերլուծության» հետ:
-Ես չեմ մեկնաբանում նման կարծիքները:
-Լռությունն ու «չմեկնաբանումը» համաձայնության նշան են: Ասում են:
-Չե՛մ մեկնաբանում:
-Իսկ ինչպիսի՞ն է ձեր գնահատականն այդ «վերլուծությանը»:
-Մենք արդեն ասել ենք` պարոն Ծառուկյանն այն ընդունել է ի գիտություն:
-«Գիտություն, ի գիտություն, գիտնականություն». ես Ձեր տեսակետն էի հարցնում որպես «գիտնականի» (պարոն Գալստյանը թեզ պաշտպանած ԲՀԿ-ական է- հեղ.):
-Ես Ձեզ հետ շփվում եմ որպես մամուլի խոսնակ:
-Շփվեք: Իսկ Սպիտակ քաղաքում ԲՀԿ-ն ո՞ւմ է պաշտպանելու: Միայն Սասուն Միքայելյանի՞ն եք պաշտպանում... կներեք, միայն Հրազդանո՞ւմ եք արդար-ազատ պաշտպանում, թե՞ համ էլ Սպիտակում:
-Սպիտակում ևս «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու չունի և հիմնականում շեշտը դնելու է ընտրությունների օրինականության վրա: Իսկ մեր կուսակցականները տեղերում ազատ են իրենց ընտրության հարցում:
-Դե էդպես էլ ասեիք, է՛լի` ազա՜տ են: Նշանակում է` կարող են իրենց ձայնը հանգիստ տալ Անանիկին ու Սասունին: Թե չէ` գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն:
-Նորից եմ ասում, որևէ թեկնածուի մեր կուսակցությունը չի պաշտպանում:
-Ձևով կոալիցիոն, բովանդակությամբ ընդդիմադիր ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գալու «իշմարնե՞ր» է անում մայիսյան ընտրություններից առաջ:
-ԲՀԿ-ն կոալիցիոն իր գործընկերոջը տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտպանելու պարտավորություններ չունի:
-Ես «բարոյական հաղթանակներից» էի Ձեզ հետ խոսում` Տղմուտի ափին:
-Բարոյական հաղթանակները քաղաքական առումով ես չեմ մեկնաբանում:
-Ասել է` կոալիցիայի հուշագրի խախտում չի արձանագրվում ձեր պոզայում, ներեցեք` պահվածքում:
-Կոալիցիոն հուշագրում կոնկրետ ֆիքսված է, թե որ հարցերի շուրջ մենք պետք է համաձայնեցված գործենք, և կոալիցիոն համաձայնագրի տառին ու ոգուն «Բարգավաճ Հայաստանը» միշտ էլ հավատարիմ է եղել:
-ՈՒզում էիք ասել, որ 2013-ին «Բարգավաճը» պաշտպանելու է Սերժ Սարգսյանի, հուշագրով ամրագրված` գործող նախագահի թեկնածությո՞ւնը:
-Դուք Հրազդանից և Սպիտակից էիք հարցնում:
-«Բխումներ» եղան:
-Կարող ենք այդ մասին առանձին հանդիպել, հարցազրույց անել:
-Հանդիպե՜նք։
«Բլիցվեց» Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ